2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԹԵԿՈՒԶ ԾԱՆՐ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ, ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ, ՈՒ ՄԵՐ ՎԵՐԵԼՔԸ ԿԿԱՅԱՆԱ»

«ԹԵԿՈՒԶ ԾԱՆՐ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ, ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ, ՈՒ ՄԵՐ ՎԵՐԵԼՔԸ ԿԿԱՅԱՆԱ»
22.04.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը բանաստեղծ, դրամատուրգ ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄՆ է:
«ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷՍ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒՑ ԶԱՏ»
-Ձեր հեղինակած «Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա» մոնոներկայացման հերոսն ասում է. «Հայն ամենուր մի բան է փնտրում` հաց և աշխատանք»: Դա հայի ճակատագի՞րն է, և նույն ճակատագրի թելադրանքո՞վ է, որ հացն ու աշխատանքն առավել հաճախ դրսում է փնտրում-գտնում հայը:
-Սևեռվել այն մտքի վրա, թե դա հայի ճակատագիրն է, ճիշտ չեմ համարում: Մարդն աշխարհի բոլոր ծագերում մարդ է: Մենք մեր հոգսերով, խնդիրներով, բարդույթներով նման ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: Էականն այն է, թե այսօր ինչքան է փոխվել մեր հանձնառու մարդը, հանձնառու պետական գործիչը, հանձնառու մտավորականը: Ի վերջո, հասարակ աշխատավորը հույս է տածում, թե իր երկիրը, իր պետությունը կառավարում են: Կառավարում են` բառի բուն իմաստով: Ինձ մտահոգողը մի բան է. մեր ազգի մեջ զգոնությունը հատկապես սրվում է էն պահին, երբ դանակը ոսկորին է հասնում: Բայց, ի վերջո, էդպես չպիտի լինի: Մենք ուրիշ խնդիր չունենք էս երկիրը երկիր դարձնելուց զատ: Դա բոլորի` մեծի ու փոքրի խնդիրն է: Ճակատագրորեն մեզ շանս է տրված դարեր շարունակ պետականությունից զուրկ էս հողը դարձնելու երկիր, պետություն:
-Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի օրերին տարբեր մեկնաբանություններ էին հնչում: Մի քաղաքացի բառացիորեն այսպես արտահայտվեց. «Հացադուլով հարց չի լուծվի, որովհետև էս իշխանությունների պատճառով մեր ժողովուրդը վաղուց հացադուլի մեջ է»: Ինչպե՞ս գնահատել այն փաստը, որ սովորական հայ մարդն այսպիսի վերաբերմունք ունի իր իշխանությունների նկատմամբ:
-Բաներ կան, որ նույնիսկ խոստովանելուց մարդը պիտի զարհուրի: Էսօր աշխարհով մեկ զբաղված են ուրան ճեղքելով, գիտական, մշակութային սենսացիոն հայտնագործություններ անելով, իսկ մենք դեռ էդ խնդրի առջև ենք կանգնած` հացի խնդրի: Ինչքան էլ բարձր չափանիշներ դնենք, պիտի հասկանանք. մարդն աշխարհ է եկել, որ վայելի, մարդկայնորեն, արժանապատվորեն ապրի իր կյանքը: Էսօր փակուղի է դրվել սովորական մարդու առջև: Կուզենայի, որ խոսքիս մեջ ոչ մի ճառային երանգ չլիներ. ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ քաղաքական հեռանկարների վրա ինչ-որ գուշակություններ անող: Ընդամենն ուզում եմ հայացքս հառել էս օրվան: Ի՞նչ ենք ի զորու անելու: Մեր մեջ խաթարված բաներ կան, և դա չի վերաբերում այսօրվան կամ խորհրդային 70 տարիներին: Նաիրական մեր կերտվածքն ստեղծված էր մեծ թռիչքների համար: Բայց ոչ միայն թռիչքներ չեղան, այլև նահանջներ եղան շարունակական: ՈՒ միշտ փորձեցինք նահանջներն արդարացնել պատմության ընթացքով, աշխարհագրական դիրքով… Չի՛ կարելի: Մի ճշմարտություն կա. դրությունը վա՞տ է, քո ժողովուրդը վա՞տ է ապրում, խոստովանիր, որ դու ի վիճակի չես էս երկիրը կառավարելու, էս երկրի առաջնորդը լինելու: Կարծում եմ` խոսքս ընկալվում է:
«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ, ԷՍ ՀՈՂԻ ՎՐԱ ԽԶՎԱԾ Է ԵՐԿՈՒ ՄԱՐԴՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
-Համատարած չքավորության, հացի խնդիր լուծել-չլուծելու դիլեմայի պարագայում մենք բախվում ենք «խրախճանք ժանտախտի պահին» իրողությանը` «Տաշիր-2011» մրցանակաբաշխության տեսքով: Ի՞նչ գնահատական տալ սրան:
-Ես մի բանի վրա եմ զարմացած. էդ ի՞նչ հետևողականությամբ ենք մենք սպասում «Տաշիրի» նման մի առիթի, որ բոլորս հանկարծ իրար անցնենք: Այս օրերին իմ բոլոր ընկերներն ու ծանոթները «Տաշիրից» են դժգոհում, դրա մասին հարցեր տալիս: Ես ուզում եմ էդ բոլոր հարցերին հարցով պատասխանել. էդ «Տաշիրը» մինչև հիմա չէի՞ք տեսնում, միայն այդ մրցանակաբաշխության պահի՞ն հասկացաք, թե մեզ հետ ինչ է կատարվում: Սա արդեն պատեհապաշտություն է: Մենք լավ ենք գիտակցում` ինչ իրավիճակում ենք ապրում: Էդ օրն էդ ցուցքը սարքել էին, և դա ոչինչ չի փոխում: Ինձ համար դա ո՛չ զարմանալի է եղել, ո՛չ անակնկալ: Մենք իրավիճակը պիտի դիտարկենք համատարած ֆոնի վրա: Թե չէ «Տաշիրը» դարձնել զրույցի, վիճաբանության թեմա, անհեթեթ է: Մենք խնդիրներ ունենք, որոնց շարքում դա տասներորդական է: Մենք պիտի դիտարկենք մեր կյանքը, մեր բուն կյանքը, հասկանանք, թե ինչի մեջ ենք թաթախված: Եվ դա արդեն ո՛չ քաղաքականություն է, ո՛չ ազգային ծրագիր: Սա մարդու բարոյականության, պարկեշտության խնդիր է: Մենք դարեր շարունակ մեր մեղքը ձգել ենք թշնամու վրա, բողոքել, թե հանգիստ չեն տվել մեզ: Էսօր էլ ձգում ենք աշխարհաքաղաքական իրողությունների վրա, բայց չենք անդրադառնում, թե ինքներս որքան ենք տեր մեր խաչին: Մենք ճիշտ չենք հարաբերվում: Էս երկրում, էս հողի վրա խզված է երկու մարդու հարաբերությունը: Հայ մարդը հայ մարդու հետ ճիշտ չի հարաբերվում: Քո ցեղակիցն է, քո արյունակիցն է, ուրեմն պիտի նրա մեջ ապավեն, ելք, փրկություն տեսնես: Հասկանալի է, որ նյութական, տնտեսական դժվարությունները չարացնում են մարդուն: Բայց արդյոք դա պիտի լափի՞ մեր միջի էն ողջ պաշարը, որ մտածենք, թե աշխարհի վերջն է: Հասկանալի է` աշխարհի վերջը չէ: Երբեմն մտածում եմ` ինչ-որ բան չի ստացվում էս աշխարհում նաև բառերի շատությունից: Ճառում են` ճոռո՜մ, երկարաշո՜ւնչ: Նիստե՜ր, բանավեճե՜ր: ՈՒ էդ թվացյալ մտահոգությունը գործ չի դառնում: Գործն էն է, որ օրը մեջ, շաբաթը մեկ գոնե մի դուռ բացվի, մի աշխատատեղ բացվի, մի հնար բացվի, որ ժողովուրդը մտածի` ահա սկսվեց վերելքի ժամը: Այս դուռ բացելու խնդիրն ունենք մենք:
«ԵԹԵ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ԱՆՑՆԵԼՈՒ, ՊԻՏԻ ԵԼՄԱՆ ԿԵՏԸ ՇԱՏ ՀՍՏԱԿ, ՃՇԳՐՏՎԱԾ ԼԻՆԻ»
-Այս համատեքստում դիտարկենք Ճապոնիայի օրինակը: Ոչ միայն դուռ չի բացվում, այլև երկիրը կանգնած է իսպառ կործանվելու, աշխարհի երեսից վերանալու վտանգի առջև: Բայց այս դժոխքի մեջ ես օրեր առաջ հեռուստատեսությամբ լսում եմ հայտարարություն այն մասին, որ ճապոնացի գիտնականները կատարել են հերթական սենսացիոն բացահայտումը գենետիկայի բնագավառում (եթե չեմ սխալվում, արհեստական պայմաններում արական ձվաբջիջ էին ստացել): Ինչո՞ւ մեր երկրում որևէ ցնցում` լինի սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական, թե բնակլիմայական, առաջին հզոր հարվածը հասցնում է հենց մտավորականին, արվեստի, գիտության մարդուն: Բոլորս էլ գիտենք, թե քանի գիտնական, ուսուցիչ, արվեստագետ դարձան զուգագուլպա և բանջարեղեն վաճառող, հայտնվեցին տոնավաճառներում, կրպակներում, փողոցային սեղանիկների առջև, արտերկրում, երբ մեր երկրում խարխլվեցին նախկին հասարակարգի հիմքերն ու տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը: Այնինչ նույն իրավիճակում ճապոնացի գիտնականն իր լաբորատորիայում աշխարհը զարմացնող գյուտ է անում, մի բան, որ ինձ պարզապես հիացնում է ու ապշեցնում: Փորձենք հասկանալ` ինչո՞ւ են այսքան տարբեր դիմակայելու ձևերը մեզանում և Ճապոնիայում:
-Սկսենք մի բանից. մարդը, հետևաբար և ազգը, իր տեսակը չգերագնահատելով, չգերակայելով, պիտի հավատա իրեն, հպարտանա իր տեսակով: Մեր մեջ ինքնամերժության, և բնականաբար, իրարամերժության որակ կա: Եվ դրանից է գալիս ածանցյալ օտարամոլության դրսևորումը, օտարի արածն արժևորելու, սեփական երկրի, սեփական գիտնականի արածը ստորադասելու մղումը: Պետություն հասկացությունը` որպես երևույթ, գիտական մեխանիզմ է, գիտության, մշակույթի վրա հիմնված մեխանիզմ: Դրանց վրա պիտի բարձրանա ամբողջ կառույցը` իրավական, հասարակական, բարոյական բոլոր համակարգերով: Բայց մենք ուզում ենք ինչ-որ կասկածելի գործարքների հիման վրա պետություն, արդյունաբերություն, տնտեսություն ստեղծել, գյուղատնտեսություն զարգացնել: Մեր ելակետն է խախուտ, չհիմնավորված: Եթե մի ճանապարհ ես անցնելու, պիտի ելման կետը, առաջին քայլը շատ հստակ, ճշգրտված լինի: Այո՛, ինձ նույնպես ճապոնական ֆենոմենը մշտապես զարմացրել է: Էլ ինչո՞վ պիտի հիմնավորվեր այն, որ աշխարհից առանձնացված էդ կղզու վրա ստեղծվել է այդքան ճշգրիտ մարդկային համակարգ` իր մտածողությամբ, բարոյականությամբ: Դա զարմանալի մի ներդաշնակություն է: Որոշ երկրներում գիտության առաջընթացը չի զուգահեռվում մշակութային թռիչքներով: Ճապոնիան հպարտանալու բան ունի, որովհետև XXI դարի գերհզոր գիտական թռիչքները նրանց մոտ զուգահեռվում են մշակութային ձեռքբերումներով: Դրանցից մեկի պակասը խարխլում է հասարակարգի ներդաշնակությունը, զարգանալու ընթացքը: Նման օրինակներ կան ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհի այլ երկրներում: Սկանդինավյան երկրներն ապացուցել են, որ անկախ քաղաքական, տնտեսական ցնցումներից` կարելի է ունենալ երաշխիքներ գիտնականի, մտավորականի համար, որ նա չթողնի իր լաբորատորիան և չհայտնվի իր համար անհարիր տեղերում: Այստեղ մարդը պաշտպանված է: Մեզանում հայ մարդը գտնվում է ամենաանպաշտպան վիճակում, և սա ինձ ամենից շատ մտահոգող խնդիրն է: Երբ կայսրության կազմում էինք, այդպիսի խնդիր չկար: Ամեն ինչ վերահսկվում էր: Տոտալիտար սիստեմ էր, թե ինչ էր, մարդն անպաշտպան չէր: Ինքս երբեք էդ համակարգը չեմ ընդունել, որովհետև ծայրահեղ բաներ էին կատարվում, մանավանդ սկզբում` սև 37-ին: Բայց չէ՞ որ 70-ականներից սկսած` էս հողը դարձել էր մարդկային ճիշտ հարաբերության տարածք: Հիմա էս ժողովուրդը անորոշության, սրված տագնապների տիրույթներում է հայտնվել: ՈՒ պատասխան տալուց պիտի պատասխան տանք բոլորս:
-Համայն մարդկության ուշադրությունը սևեռված է արաբական աշխարհի հեղաբեկումների վրա: Ըստ Ձեզ` Մուհամմար Քադաֆին բռնակա՞լ է, թե՞ իր երկրի ինքնիշխանության նախանձախնդիր պաշտպան:
-Զուգահեռ եմ ուզում տանել իրաքյան դեպքերի հետ: Սադամ Հուսեյնը բռնակալ էր: Բայց նրան տապալելու եղանակները կոնկրետ էդ բռնակալի դեմ չէին ուղղված: Մտան, ռմբակոծեցին, ավերեցին Իրաքը, ու դրանից ոչ մի իրաքցի չշահեց: Ի վերջո, իր բազմաթիվ թերություններով հանդերձ, դեպի վերելք գնացող երկիր էր: ՈՒ կատարվածի արդյունքում իրաքցի արաբը ոչինչ ձեռք չբերեց: Նորից պիտի տասնամյակներ անցնեն, որ էդ երկիրը գա ելման կետին: Էդտեղ նաև կրոնական, դավանաբանական ֆանատիզմն իր գործն արեց, և երկիրը վերածվեց դժոխքի: Եվ այդ ամենը մեզանից հեռու չէ: Ցանկացած երկրում կատարված վատը կարող է քո երկրի վրա ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ, որովհետև աշխարհը մի ամբողջական օրգանիզմ է: Եթե մի տեղ մի բան կտրվում է, բոլոր բջիջներն ահազանգը զգում են: Էս պարագայում ես մտածում եմ, որ Ամերիկայի և մյուս խոշոր պետությունների շարունակական միջամտությունները լավ բանի չեն հանգեցնի: Յուրաքանչյուր երկիր իր հոգսը պիտի հոգա, իր երկիրը երկիր դարձնի. սա միջազգային կոնվենցիաներով հաստատված բան է: Արաբական աշխարհում առկա խմորումները միայն բռնակալությամբ չեն պայմանավորված: Այստեղ կան նպատակներ, որոնք կոնկրետ այս կամ այն երկրի շահին չեն առնչվում, այլ ողջ արաբական աշխարհին են վերաբերում: Մենք մտել ենք XXI դար: Եվ ինչպես բնության մեջ է ձմռանը հաջորդում գարուն, ապա ամառ, աշուն, այդպես էլ մարդկային հասարակության մեջ է: Էս գործընթացները պիտի լինեին, բայց թե ինչի կհանգեցնեն, դժվար է ասել: Էստեղ ես ուզում եմ մեր ազգի, մեր պետության դիրքը, վիճակը, կշիռը տեսնել, որովհետև մենք չենք կարող համաշխարհային անցուդարձերից դուրս լինել: Մեզ շարունակ չի հերիքել, չի հերիքում արտաքին քաղաքականության ճկունությունը: ՈՒ եթե էս անգամ էլ չհերիքեց, մեր տալիքը շա՜տ-շատ է լինելու: Աշխարհով մեկ ինչ-որ բախումներ են` տարածքի, շահի, ոսկու, նավթի: Մենք պիտի փորձենք դրսևորել մեր ազգային, պետական դիվանագիտությունը: Բայց քանզի ժողովուրդը դեռ չի հասել մինիմալ ապրելակերպի մակարդակին, գոնե հացի խնդիր չունենալու մակարդակին, մնացած հարցերը մնալու են օդում առկախված: Պիտի մտածենք ամեն բան շտկել ելման կետից` դպրոցից: Դպրոցը, ցավոք, մեզ համար էն կարևորությունը չունի, ինչ բանակը: Բայց պարզագույն ճշմարտությունն այն է, որ մեր գալիք բոլոր հաջողությունները պայմանավորված են դպրոցով: Դպրոցի նկատմամբ մեր վերաբերմունքը դեռ պետական մտածողության մակարդակի վրա չէ: Մենք չենք գիտակցում, որ դպրոցը ստրատեգիական կարևոր գործոն է: Մենք ամեն ինչ թողել ենք ուսուցչի, դպրոցի տնօրենի հույսին: Իսկ դա մեր ազգային անվտանգության խնդիրն է: Վաղվա զինվորը, մտավորականը, պետական գործիչը ձևավորվում են դպրոցում: ՈՒ ես, այնուամենայնիվ, խոսքս ուզում եմ ավարտել լավատեսությամբ: Ոչ թե հենց էնպես ինձ լավատեսության եմ մղում, այլ կամային, բարոյական, հոգևոր երակներ եմ տեսնում (հատկապես նոր սերնդի մեջ), որոնք հավաստիացնում են, որ ուզենք-չուզենք ազգովին պիտի դառնանք լավը: Քանակը որակ պիտի ստեղծի, և էս հողը, էս երկիրը պիտի դառնա երկիր: ՈՒ եթե մենք` ավագներս, կարողացանք ուժեղ գտնվել և առավելագույն գուրգուրանք դրսևորել էդ սերնդի նկատմամբ, նրա կարողությունների նկատմամբ, ուրեմն, այնուհանդերձ, թեկուզ ծանր մշուշների մեջ, դռները կբացվեն, ու մեր վերելքը կկայանա: Մենք ուրիշ տարբերակ չունենք: Չհավատալու, կասկածելու տարբերակ չունենք: Պիտի ներքուստ լավատես լինենք մեր խնդիրների, դժվարությունների նկատմամբ ու կարողանանք վեր գնալ: ՈՒրիշ ճանապարհ չունենք:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ